Ford-ի ժառանգությունը


Հենրի Ֆորդ

Հենրի Ֆորդի կազմակերպած պրակտիկ և մատչելի ավտոմեքենաների արտադրությունը  թույլ տվեց բարելավել բազում մարդկանց կյանքը ողջ աշխարհում: Ներդնելով հոսքագծային արտադրությունը` Ֆորդը ոչ միայն սկսեց ավտոմեքենաների զանգվածային արտադրությունն, այլև համաշխարհային արդյունաբերությունն ուղղեց դեպի նոր հորիզոններ:

Հենրի Ֆորդը ծնվել է 1863թ. հուլիսի 30-ին Միչիգան նահանգի Սպրինգֆիլդ ավանում: Նա ավագն էր ընտանիքի վեց երեխաներից: Հենրիի մանկությունն անցել է ծնողական ագարակում, որտեղ նա օգնում էր ընտանիքին և հաճախում էր սովորական գյուղական դպրոց:

Սակայն դեռ մանկությունից ցուցաբերած մեծ հետաքրքրությունը տեխնիկայի հանդեպ թույլ տվեց նրան հետագայում դառնալ աշխարհի ամենահայտնի արդյունաբերողներից մեկը:

 

 

 

Փորձ

Տասներկու տարեկանում Հենրին մի արհեստանոց ստեղծեց իր համար և ողջ ազատ ժամանակն անց էր կացնում այնտեղ: Հենց այդ արհեստանոցում նա ստեղծեց իր առաջին շոգեշարժիչը: 1879 թ. Ֆորդը տեղափոխվեց Դեթրոյթ, ուր աշխատանքի անցավ` որպես մեքենայավար: Հինգ տարի անց նա հայտնվեց Դիսբորնում, ուր զբաղվում էր շարժիչների նախագծմամբ և վերանորոգմամբ` ժամանակ առ ժամանակ լրացուցիչ աշխատանք կատարելով Դեթրոյթում: 1888թ. նա ամուսնացավ Կլարա Բրայենթի հետ և ստանձնեց անտառամշակմամբ զբաղվող գործարանի կառավարչի պաշտոնը:

1891թ Ֆորդը դարձավ Edison Illuminating ընկերության ինժեները, իսկ ևս երկու տարի անց նրան նշանակեցին գլխավոր ինժեների պաշտոնում: Բարձր եկամուտները և բավարար ազատ ժամանակը թույլ տվեցին Ֆորդին ավելի շատ ժամանակ նվիրել ներքին այրման շարժիչների նախագծմանը:

 

Քառացիկլ

Ներքին այրման առաջին շարժիչը Ֆորդը հավաքեց սեփական տան խոհանոցում: Այնուհետ նա որոշեց տեղադրել այդ շարժիչը հեծանվային անիվներով համալրված շրջանակի վրա: Այսպես 1896թ. ստեղծվեց քառացիկլը` մի փոխադրամիջոց, որը կարելի է համարել Ford առաջին ավտոմեքենան:

Սեփական գործ

1899 թ., հեռանալով Edison Illuminating-ից, Հենրի Ֆորդը հիմնեց սեփական մի ընկերություն Detroit Automobile անվանմամբ: Չնայած նրան, որ մեկ տարի անց ընկերությունը սննկացավ` Ֆորդը հասցրեց հավաքել մի քանի մրցարշավային ավտոմեքենաներ: Նա անձամբ էր մասնակցում մրցարշավներին և 1901 թ. կարողացավ հաղթել Ամերիկայի այդ տարիների չեմպիոն` Ալեքս Ուիթոնին:

 

Ford Motor ընկերություն

Ford Motor ընկերությունը ստեղծվեց 1903 թ. Նրա հիմնադիր էին հանդիսանում 12 բիզնեսմեններ Միչիգան նահանգից ` Հենրի Ֆորդի գլխավորությամբ, որին պատկանում էին ձեռանրկության բաժնետոմսերի 25.5%-ը և որը զբաղեցնում էր ընկերության փոխնախագահի և գլխավոր ինժեների պաշտոնները: Որպես ավտոմոբիլային գործարան ծառայում էր վերասարքավորված նախկին ֆուրգոնային ֆաբրիկան Դեթրոյթի Մըք Ավենյու փողոցում: Երկու-երեք բանվորներից բաղկացած բրիգադները անձամբ Ֆորդի ղեկավարությամբ այլ ձեռնարկությունների կողմից արտադրած մասերից հավաքում էին ավտոմեքենաներ: Ընկերության առաջին ավտոմեքենան վաճառվել է 1903թ. հուլիսի 23-ին: 1906թ. Հենրի Ֆորդը դարձավ ընկերության նախագահն ու հիմնական բաժնետերը:

Նոր սերունդ

1919թ. Հենրի Ֆորդն ու նրա որդի Էդսելը գնեցին ընեկրության բաժնետոմսերը այլ բաժնետերերից, վճարելով 105 568 858 ԱՄՆ դոլար, և դարձան ձեռնարկության միակ սեփականատերերը: Նույն թվականին Էդսելը հորից ժառանգեց նախագահի պաշտոնը, որն էլ զբաղեցնում էր ցմահ` մինչև 1943 թ. Որդու վաղաժամ մահից հետո Հենրի Ֆորդն ստիպված էր կրկին կանգնել ընկերության ղեկին:

 

Պաշտոնաթողում

1945 թ. սեպտեմբերին Հենրի Ֆորդն իր լիազորությունները հանձնեց ավագ թոռանը` Հենրի Ֆորդ II-ին: Հաջորդ տարվա մայիսին ավագ Ֆորդին շնորհվեց ավտոարդյունաբերության առջև ունեցած վաստակի համար պատվավոր մրցանակ, իսկ նույն տարվա վերջում Նավթի ամերիկյան ինստիտուտը (American Petroleum Institute) պարգևատրեց նրան ոսկե մեդալով:

 

Ժամանակաշրջանի ավարտը

Հենրի Ֆորդը մահացավ 83 տարեկան հասակում Դիսբորնում գտնվող սեփական տանը 1947թ. ապրիլի 7-ին: Այսպիսով ավարտվեց Ford Motor ընկերության մի ողջ ժամանակահատված: Իսկ ընկերությունը, չնայած հիմնադրի մահին, շարունակեց ակտիվ զարգացումը:

 

 



 

Bookmark & Share